Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարց չկա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովին։
Սմեդյարովը հիշեցրել է, որ Ղազախստանը հետևում է պետությունների տարածքային ամբողջականության, նրանց ինքնիշխան իրավահավասարության և խաղաղ գոյակցության սկզբունքներից՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։
«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին հստակ ուրվագծվում է կազմակերպության անդամ երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և այդ տարածքների ներսում ապահովված է հավաքական անվտանգությունը։ Այսպիսով, ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը օրակարգային չէ»,- ասել է Սմեդյարովը՝ պատասխանելով լրագրողների կողմից հնչեցրած համապատասխան հարցին։