Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։
Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում կենտրոնում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, Սիրիայում ևս ցնցումներ են զգացվել։