ԱՄՆ պետքարտուղարությունը մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա օգնել է Ռուսաստանին վերադառնալ չիպերի ներկրման նախապատերազմյան մակարդակին։ ԱՄՆ պետդեպի պատժամիջոցները համակարգող Ջիմ Օ՛Բրայենը պարզաբանել է, որ Հայաստանն ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այս ցուցակում են նաև Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Այս տարվա սկզբին Ռուսաստանը կարողացավ ներմուծել էլեկտրոնիկայի հիմնական կատեգորիաները մոտավորապես նախապատերազմական մակարդակներում», – ասել է Օ’Բրայենը՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները:
Խնդիրը, նրա խոսքով, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրներին, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին։
Նախօրեին «Коммерсант»-ը, վկայակոչելով էլեկտրոնիկայի շուկայի աղբյուրները, հայտնել էր, որ հայկական բանկերն սկսել են արգելափակել ռուսական ընկերություններին վճարումները ապրանքային անվանացանկի հիման վրա՝ սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, հեռահաղորդակցության սարքավորումների և այլ էլեկտրոնիկայի համար: Բարեկամ երկրների կողմից արտահանման վերահսկողության խստացումը կարող է հանգեցնել Ռուսաստանում նման ապրանքների պակասի վեց ամսվա ընթացքում, պարզաբանել էր հրատարակությունը՝ հիմնվելով փորձագիտական տեղեկատվության վրա։
Մայիսի 19-ին ԱՄՆ Դաշնային ռեգիստրի կայքում տեղեկություն հայտնվեց, որ լաբորատոր սարքավորումներ և քիմիական նյութեր վաճառող հայկական Medisar ընկերությունը հայտնվել էր ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը Հայաստանն անվանել էր Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հիմնական մատակարարներից մեկը։ Bloomberg-ը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերը, հայտնել է, որ հայկական ընկերությունները ներառվել են ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում։ Բացի այդ, Bild հրատարակությունը ուսումնասիրություն է հրապարակել գերմանական արդյունաբերությունից ԱՊՀ երկրների տարածքով Ռուսաստան ապրանքների արտահանման վերաբերյալ՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։ Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում Գերմանիայից Հայաստան, Ղազախստան և Վրաստան արտահանումը կրկնապատկվել է։ Գերմանիայի իշխանությունները, ըստ Bild-ի, կասկածել են, որ գերմանական ապրանքներն արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, այնուհետև ներմուծվում Ռուսաստան՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ աշխատելու է այնպես, որ չհայտնվի արեւմտյան պատժամիջոցների տակ։ Նա հաստատել է, որ այդ հարցը քննարկվել է արևմտյան երկրների հետ բոլոր բանակցություններում և պարզաբանել, որ հրահանգներ է տվել Ռուսաստանի հետ աշխատանքը «խստորեն վերահսկելու»՝ պատժամիջոցներից խուսափելու համար։ «Եթե մենք ընկնենք Արևմուտքի պատժամիջոցների տակ, մեր դաշնակիցներից ոչ մեկի վիճակը ավելի լավ չի լինի, և մենք կփչացնենք հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ»,- բացատրել էր նա: Փաշինյանը հավելել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քննարկումների օրակարգում է եղել նաև արևմտյան պատժամիջոցների թեման։