Երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են ընդգրկվել ՀՅԴ ԳՄ, այսինքն՝ հայաստանյան կառույցի նոր կազմում, որն ընտրվել է կուսակցության 26-րդ Գերագույն ժողովի արդյունքում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, բավականին բուռն է ընթացել ժողովը, տարաձայնություններ, վեճեր են եղել, մի խումբ մարդիկ` Հրանտ Մարգարյանի կառավարմամբ, ցանկացել են Իշխան Սաղաթելյանին փոխարինել այլ անձով, սակայն չի ստացվել․ նա վերընտրվել է, երրորդ անգամ անընդմեջ, ինչը նշանակում է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցում շարունակելու է ղեկավարել Իշխան Սաղաթելյանը, իսկ ՀՅԴ կուրսը չի փոխվելու։
ԳՄ կազմն էլ, ըստ թերթի, «Իշխան»-ամետ անձանցից է կազմված։ Նախորդ ԳՄ-ի համեմատ, որն ընտրվել էր 2021 թվականին, այս կազմում 5 նոր անձ է հայտնվել՝ Թադեւոս Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Խաչատուր Ստեփանյանը, Գերասիմ Վարդանյանը։ Նախորդ ԳՄ կազմում անդամակցող Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Բագրատ Եսայանը, Սուրեն Մանուկյանը դուրս են մնացել նոր կազմից։ Արծվիկ Մինասյանն ինքն է ինքնաբացարկ հայտնել։