ՀՀ կողմից պետք է հերքվի այն հանգամանքը, որ արդեն իսկ որոշվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև երկխոսության «նշաձողը», հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ըստ պետնախարարի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ։
«Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»: Սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները: Հետաքրքիր է, թե ինչու ոչինչ չեն խոսում ամեն գնով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության և դրանից հետո հզորանալու ու հաղթանակներ արձանագրելու թեզի գաղափարակիրները»,- գրել է Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու իրենց իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:
Ներսիսյանը նաև ընդգծել է, որ անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը։
Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, որ բանակցությունների շրջանակներում ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականին Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների ստորագրած Հռչակագրի համաձայն»։
«Հայկական կողմը հասկանում է ԼՂ հայերին համոզելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս շուտ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ։ Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»,- ասել էր Լավրովը՝ նշելով, որ դրանք «բարդ» հարցեր են։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն Իտալիայի Golden փառատոնում արժանացել է երկու մրցանակի
Հայ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն Իտալիայում անցկացված կարճամետրաժ ֆիլմերի Golden միջազգային փառատոնում արժանացել է երկու մրցանակի։ Ռեժիսոր Ալիսա Զոլոնցի Love Photosynthesis...