ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի գերեվարման լուրը հաստատվեց, այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին «ձերբակալված Լևոն Մնացականյանին տեղափոխել են Բաքու»։
Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնել էր, որ Արցախից Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիները գերեվարել են ՊԲ նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանին։
Այսօր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ «ձերբակալվել է Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը»։
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին գերեվարել են, 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին «ձերբակալելու» մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ԱՀ նախին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար, նա Շուշի գնալու ծանր որոշում էր կայացրել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Երրորդ հանդիպումը՝ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։