Զորավարժությունները որոշակի վտանգ ներկայացնում են, որովհետև մեր հարևանությամբ են տեղի ունենում, հիմա էլ ավելացել են Արցախի տարածքում իրականացվող դրվագները, լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները պլանային են։
«Սպառնալիք կա, իհարկե, պետք է ուշադիր լինենք, ուշադիր ենք ինչքանով որ այսօր մեր ներուժը թույլ է տալիս ոչ միայն հետևել, այլև պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում արձագանքելու, եթե դրա կարիքը լինի»,- վստահեցրել է Քոչարյանը։
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական ակտիվ զորավարժություններին ի պատասխան ՀՀ-ում զորավարժություններ անցկացնելու մասին հարցին՝ պատգամավորն ասել է, որ դա՛ էլ կլինի։
Հոկտեմբերի 23-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, համատեղ մարտավարական զորավարժությունների նախօրեին ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական ստորաբաժանումները հատուկ առաջադրանքների կատարման պրակտիկա են անցել։