Նախկինում մենք ՀՀ զինված ուժերի մաս էինք, այսօր՝ ավելորդ ենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է արցախցի զինվորականներից մեկը։
«Մեր բոլոր հրամանները ՀՀ ՊՆ հրամաններն էին։ Այն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈւ մի մասնիկ, հիմա պետք չենք, մեր տարիների կենսագրությունը ջնջում են։ Մենք պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակը տան։ Տարիքով մարդիկ ի վիճակի չեն նոր աշխատանք գտնելու»,- նշում է նա։
Արցախցին նշում է, որ իրենք այստեղ հյուրի կարգավիճակով չեն, անձնագրերում երևում է բոլորի անցած ճանապարհը։
«Մեր բոլոր գերատեսչական մեդալները ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով են, իսկ հիմա դարձել ենք ոչինչ, մեր 20 տարվա ծառայությունն արհամարվում է և համարվում է առոչինչ»,- ասել է նա։
Ակցիայի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էր անցնում տարածքով, նա նշեց, որ կառավարությունում թեմայի վերաբերյալ քննարկում են ունենալու։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։