ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ու բանակցություններին՝ անվանելով այն արդյունավետ։
«Գիտեք, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում ունենք համընկնող կամ խաչվող հետաքրքրություններ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ միշտ ունենք քննարկելու բան, և մենք մեծ հաճույքով օգտագործում ենք առիթներն այդպիսի շփումների իրականացման համար: ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով, և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով։ Հանդիպումը, կարծում եմ, արդյունավետ էր»,- նշել է նա։
Անդրադառնալով հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից հրապարակված տեսանյութին, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել էր ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից՝ Միրզոյանը նշել է, որ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է ՌԴ արտգործնախարարի ուշադրությանը։
«Այո՛, ես տեսել եմ այդ կտորը մեր հանդիպումից, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ամենևին այդպես չէ: Կրկնում եմ, ըստ ամենայնի, տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է ՌԴ արտգործնախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նոյեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում հանդիպում էր ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել էր հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ։