Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են լինել հռչակագրային փաստաթղթեր, թե կողմերը պատրաստակամ են ընդհանուր լուծումների և այլն, բայց դա չի նշանակում, որ հնարավորություն կլինի հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղության, Armenia Today-ին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն պահանջներն ու խնդիրները, որոնք երկկողմ օրակարգում են, դրանք Հայաստանի համար ենթադրում են նոր կորուստներ, դեռ չեմ խոսում, որ դրանք ըստ իրավիճակի կարող են բերել պատերազմական գործողությունների վերսկսման»,-ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին և դրա իրագործման հավանականությանը, պատգամավորնը ընդգծեց, որ այս մասին խոսելիս պետք է ձևակերպումները հստակ անել՝ խաղաղությո՞ւն, թե՞ խաղաղ հանձնում․ «Ես կարծում եմ, որ այստեղ խաղաղ հանձման մասին է խոսքը, որովհետև այն պահանջները, որ ներկայացնում է Ադրբեջանը և որի շուրջ հնարավոր կոնսենսուս կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, դրանք Հայաստանի Հանարապետության համար նշանակում են նոր կորուստներ, առաջին հերթին տարածքային կորուստների առումով»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի հայտարարությունները միմյանց կրկնում են՝ այն տարբերությամբ, որ յուրաքանչյուր դեպքում իշխանությունը փորձում է նորանոր բլեֆների և կեղծ տեղեկությունների միջոցով շատ ավելի խճճել իրավիճակը, քան ունենք պայմանականորեն 2020 թվականի պատերազմից հետո, Armenia Today-ի հարցին ի պատասխան, ինչ ուղերձներ ուներ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը, ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իրականության մեջ այստեղ մեկ այլ առանձնահատկություն կար․ այս շարունակական հարցազրույցները, որոնք զուգորդվում են իշխանական տարբեր գործիչների հայտարարություններում, թե Արցախի հարցն այլևս գոյություն չունի, Արցախի էջը փակ է և գործընթացներն արդեն հանգուցալուծվել են, ըստ էության ցույց է տալիս, որ իշխանությունն այնքան էլ հանգիստ չէ այն իրողություններից, որոնք այսօր առկա են։ Չնայած այն հանգամանքին, որ իրենց հիմնական նպատակը՝ Արցախը հանձնել, իրականացրել են։ Բնականաբար նրանց համար այս գործընթացը հեշտ մարսվող չէ։ Արցախը հանձնող քաղաքական գործիչը՝ լինի պետության ղեկավար, պատգամավոր թե մեկ այլ կարգավիճակով, միգուցե որոշակի ժամանակ տպավորություն լինի, թե մարդիկ քիչ են խոսքում նրանց մասին, բայց իրականության մեջ պատմությունն է արձանագրում՝ ովքեր դավաճանեցին Արցախը, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր թշնամություն իրականացրեցին իրենց իսկ ժողովրդի նկատամամբ և այլն»,-ընդգծեց Աբրահամյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում նրա՝ Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ այս մեղադրանքներին, Տիգրան Աբրահամյանը ասաց․ «Դեռ երկար ժամանակ Ռուսաստանին տեղ է տրվելու։ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի համար այն հիմնավորումները, որ ամեն ինչի համար մեղավոր են բոլոր նախկին իշխանությունները, հասարակությանն արդեն շատ փոքր հատվածի մոտ կարող են որպես ճշմարտություն ընկալվել, որովհետև մարդկանց համար այլևս տեսանելի է, որ դրանք ստի հսկայական չափաբաժին ունեն։ Հիմա, երբ իշխանությունն արտաքին քաղաքական կուրսը, անվտանգության առումով Հայաստանի և Արցախի անվտանգությունը տապալել է, բնականաբար այս իրավիճակում նրանց նպատակահարմար է ներգրավել նոր «մեղավորների» և այդտեղ իր կայուն դերը վերջին տարիներին հաստատել է Ռուսաստանի Դաշնությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։