Հայաստանում սպասվում է բավականին տաք և բավարար տեղումներով փետրվար, ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմային մոտ»,- տեղեկացրել է Սուրենյանը։
Նա բացատրել է, որ արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ առանձին օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային շրջաններում (Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում) ցերեկային ժամերին կհասնի մինչև +6․․․ +10 աստիճանի։ Լոռիի և Տավուշի հատվածներում այն կհասնի մինչև +17…+20 աստիճանի։ Արարատյան դաշտում մինչև +15…+17 աստիճանի, Սյունիքի հովտային գոտիներում +20․․․+23, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ +14․․․+17, Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև +14․․․+16 աստիճանի:
Սուրենյանը հավելել է, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը և 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում կդիտվի ձյուն»,- ասել է նա։
Ըստ Սուրենյանի՝ փետրվարի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որի պոռթկումները կհասնեն մինչև 20-25 մետր մ/վրկ արագության, փետրվարի 6-ին քամու արագությունը կհասնի պիկին և առանձին վայրերում սպասվում են քամիներ մինչև 30-35 մ/վրկ արագությամբ։ Այդ մարզերը Շիրակն են, Լոռին և Տավուշը, Արագածոտնի լեռնային շրջանները, Գեղարքունիքը և Սյունիքի առանձին հատվածներ»,- ընդգծել է Սուրենյանը։
Նա տեղեկացել է, որ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանարպետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանարապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 10-12 աստիճանով։
«Փետրվարի 7-ի ցերեկն Արարատյան դաշտում կարձանագրվի մինչև +12․․․+13 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև +10․․․+12 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +16․․․+18 աստիճանի, առանձին հատվածներում չի բացառվում, որ կգրանցվի մինչև +20 աստիճան տաքություն»,- նշել է Սուրենյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Երեք ոճային սանրվածք կլոր դեմք ունեցողների համար
Շատերի համար մազերն իրենց անհատականության և ոճի հսկա մասն են կազմում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ոչ միայն հետևել...