ՀՀ կառավարությունը կների ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ մինչև 5 միլիոն դրամի չափով ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերը, որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 4-ի նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս որոշումը վերաբերում է միայն Արցախի քաղաքացիների կողմից Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակումից առաջ՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերը վերցրած վարկերին։
Ըստ ֆինանասների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ խոսքը շուրջ 6 000 արցախցու շուրջ 2,8 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է համաձայնագիր կնքել տվյալ քաղաքացիների հետ, և վերադարձնել գրավադրած ոսկյա իրերը։
Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայումս վարկային կազմակերպություններում 1800 քաղաքացու շուրջ 30 կգ քաշով 7800 կտոր ոսկյա իր կա։
«Պարտավորությունների կազմը հետևյալն է՝ մինչև 500 հազար դրամի վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 միիլիոնը՝ 718 հատ, 1 միլիոնից 2 միլիոնը՝ 221 հատ, 2 միլիոնից 2,5 միլիոնը՝ 25 հատ, 2,5 միլիոնը՝ 15 հատ, իսկ 5 միլիոնից ավել՝ ընդամենը 5 հատ»,- մանրամասնել է նախարարը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև առևտրային բանկերի վարկային և դրամական պարտավորությունները ֆիզիկական անձանց նկատմամբ փոխանցվել են ՀՀ կառավարությանը: Այդ պարտավորություններում ներառված են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ վարկային պարտավորությունները։
2023 թվականի հոկտեմբերին «Արցախբանկը» հայտարարել էր Արցախից բռնի տեղահանվածների գրավադրած ոսկյա իրերն առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարման վերադարձնելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։