«Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։
«Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ»,-հայտնել է Ավինյանը։
Պարետը տեղեկացրել է նաև, որ հավելավածում կլինեն նաև կորոնավիրուսի դեմ պայքարում պարետատան գործողությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հնարավոր կլինի լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:
Covid-19 Armenia-ն հասանելի է Google Play և AppStore հարթակներում: