Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի մասնակիցները, հատուկ նշանակության ջոկատների կողմից հետ մղվելուց հետո, տեղ են զբաղեցրել Ռուսթավելի պողոտայի մի հատվածում և հարևանությամբ գտնվող հրապարակում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Մինչ որոշ ցուցարարներ շարունակում են կրակել հատուկջոկատայինների ուղղությամբ՝ օգտագործելով հրավառ նյութեր, մյուսները փորձում են բարիկադներ կանգնեցնել՝ օգտագործելով ինքնաշեն միջոցներ և աղբամաններ: Քաղաքի կենտրոնում երթևեկությունը մասամբ կաթվածահար է։
Հատուկջոկատայինները շարունակում են արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ, լարված իրավիճակը պահպանվում է։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։