ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Factor-ի ուղիղ եթերում հայտարարել է ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով կասեցնելու մասին։ Նա իր քայլը բացատրել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ուղղված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքեր կազմակերպելու մեղադրանքի հետ, որն Ասլանյանը անհիմն է համարում։
Ասլանյանը նշել է, որ ծանոթացել է Աղազարյանի նամակագրություններին և չի կարծում, թե այնտեղ «պետական գաղտնիք, դավաճանության» հատկանիշներ պարունակող տեղեկատվության արտահոսք կա։
«Դեկտեմբերի 3-ին մասնակցեցի ընկերոջս՝ Աղազարյանին վերաբերող գործընթացին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա այնպիսի բան, որի համար կամաչեի իմ ընկերոջ փոխարեն։ Ասեմ ավելին, շաբաթ օրը տեղի ունեցավ մի հանդիպում մեր թիմի բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Աղազարյանի երեք որդիների և իմ մասնակցությամբ։ Աղազարյանը բոլորիս ներկայությամբ որդիներին հնարավորություն տվեց ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացրել էին խմբակցությանը։ Աղազարյանն ասաց, որ եթե որդիների՝ նյութերին ծանոթանալուց հետո չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Նրա որդիներից մեկն ասաց, որ իրենց ծանոթ է Աղազարյանի հեռախոսի պարունակությունը և որևէ իմաստ չեն տեսնում մանդատից հրաժարվելու խնդրանքով դիմել իրենց հորը»,- պատմել է Ասլանյանը։
Նա նշել է ՔՊ-ի հետ հետագա համագործակցության պայմանը և պահանջել խմբակցության անդամներից բաղկացած խումբ ձևավորել։
«Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը, որի ղեկավար Հայկ Կոնջորյանին խնդրում եմ խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ ձևավորել, որի առջև Աղազարյանը պարզաբանումներ կտա: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա հարցականի տակ է դրվում իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ և դառնում է անհնարին»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։
Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։