Քովիդի մահացությունների վերաբերյալ 2020-ին ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների և մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարկած տվյալների միջև տարբերություններն ուսումնասիրվում են։
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, ըստ որի՝ ԱՎԾ-ի նախորդ տարվա տվյալներով՝ քովիդից մահացածների թիվը 3545 է, մինչդեռ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ 2828 մարդ է։
«Ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի մեր էլեկտրոնային համակարգում մուտք արված դեպքերի և ЗАГС-երի կողմից իրականացված գրանցումների տարբերությունը։
«Երբ որ այդ աշխատանքները կամփոփվեն, ձեզ լրացուցիչ պատասխան կտրվի»,- հայտարարեց Ավանեսյանը։
Թագուհի Թովմասյանը դիմեց նախարարին․
«Օրերս կարդացի, որ ձեր մամլո խոսնակը հայտարարեց, որ ԱՆ-ն երբ հայտարարում է քովիդի տվյալներ, դա վերաբերում է հիվանդանոցներում մահացածներին»։
Ավանեսյանը նշեց, որ որևէ խճճելու հարց չկա, տարբեր կառույցների վիճակագրությունը տարբեր է, և աշխատանքներ են տարվում միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու ուղղությամբ։
«Որևէ բան ընդհանուր վիաճակագրական տվյալներից դուրս չի մնացել»,-հայտարարեց նա։