Հունիսի 20-ից հետո Հայաստանում կձևավորվի կառավարություն, որի համար պատվի և արժանապատվության հարցը կդառնա գերակա։ Այս մասին հունիսի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով ՝ նոր իշխանությունը մաքուր խղճով է նայելու իր համաքաղաքացիների աչքերին։ Յուրաքանչյուր քաղաքում, այդ թվում ՝ Սպիտակում, աշխատանք է տարվելու ամեն օր և ամեն տարի նոր իշխանությունը հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքների մասին։
Եթե անցած երեք տարիների ընթացքում Սպիտակում ոչինչ չի կառուցվել, ինչ դեմքով են ներկա իշխանության ներկայացուցիչները գալիս քաղաքի բնակիչների մոտ, հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանը։
Նա նկատել է, որ իր նախագահության օրոք, չնայած բյուջեի քչությանը, քաղաքում կառուցվում էին տներ, փողոցներ, մշակույթի տներ։ Հայաստանում, Քոչարյանի խոսքով, չեն եղել քաղաքներ, որտեղ խոշոր և լուրջ ծրագրեր չեն իրականացվել։
«Այո, ամենից շատ ներդրումները բաժին են հասել աղետի գոտուն՝ Սպիտակին, Գյումրիին, Վանաձորին, բայց մենք չենք մոռացել նաև այլ քաղաքները»,- հայտարարել է երկրորդ նախագահը՝ հավելելով, որ ոչ պետական միջոցների ներգրավման հաշվին հաջողվել է փոխել Երևանի արտաքին տեսքը, որը վերածվել է մեծ շինհրապարակի:
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ ներկայիս իշխանությունը երկիրը վերածել է ավերակների:
«Մենք գնում ենք իշխանության մի կարեւոր նպատակով՝ վերականգնել երկրի անվտանգությունը, հուսալիորեն պաշտպանել նրա սահմանները, ապահովել տնտեսական թռիչք, կանխել արտագաղթը, ստեղծել աշխատատեղեր և բարեկեցություն ապահովել յուրաքանչյուր ընտանիքի համար», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ նոր իշխանությունը հայ հասարակության մեջ կբերի հանգստություն, քանի որ ատելությամբ լեցուն բևեռացված հասարակությունը չի կարող կառուցողական լինել: