Մարտի 9-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դարձյալ նշանառու կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։