Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Առաջինը, ըստ նրա, Արցախի տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայությանն է վերաբերվում, որի հետ կապված օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Անվտանգության քարտուղարը։
«44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ից Արցախ զորակոչը դադարեցվել է, իսկ մինչ այդ իրականացվածի արդյունքում Արցախում պարտադիր ժամկետային ծառայողների վերջին զորակոչը կզորացրվի մինչև օգոստոսի վերջ։
Սեպտեմբերի դրությամբ Արցախում ՀՀ գրանցում ունեցող զինծառայող չի լինի, և ըստ էության, ադրբեջանական պահանջն ակտուալությունը կկորցնի»,- գրում է պատգամավորը։
Իսկ երկրորդ խնդիրը, ինչպես Աբրահամյանն է գրում, որն Ադրբեջանում առաջնային օրակարգ են համարում՝ ՀՀ-ի տարածքով դեպի Նախիջևան միջանցք ստանալն է։
«Պատահական չէ Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն այն մասին, որ եթե ՀՀ իշխանությունն այդ պահանջը չկատարի, ապա իրենք կվերանայեն իրենց մոտեցումները ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի վերաբերյալ։
Առաջ գնալով` Ալիևը հայտարարում է, որ Լաչինի միջանցքը ՀՀ-ով նախատեսված միջանցքի հետ պետք է ունենա նույն ռեժիմը։
Պարզ ասած,` եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, այլ ուղղակի ճանապարհ տրամադրում՝ հայկական անցակետով, ապա Ադրբեջանն էլ սպառնում է անցակետ տեղակայել Լաչինի միջանցքում։
Ադրբեջանական վերջին ագրեսիան Արցախի ուղղությամբ պետք է դիտարկել այս պահանջների տրամաբանության ներքո»,- գրում է նա։
Armenia Today-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: Ժամը 22։00-ի դրությամբ շփման գծում հարաբերական անդորր է։