Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ըստ նրա՝ մի շարք ուղղություններով՝ Ներքին Հանդի, Արտանիշի, Սոթքի ուղղությամբ մարտերի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
«Ադրբեջանը շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով հիմնավորել ՀՀ տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիան՝ փորձել է հայտարարություն տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն խախտել են այսօր ժամը 9։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը»,-նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը ոչ մի րոպե չի դադարեցրել հայկական բնակավայրերի գնդակոծությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: