Մայիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք, հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
«Իրականացվելու է մեկ պայթյուն: Հարակից հատվածի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- հավելել են ՊՆ-ից։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Գործընթացի շրջանակում ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում մարզում։ Մայիսի 6-ին Կիրանցում ՊՆ զինծառայողն ականի պայթյունից վիրավորում էր ստացել, ապրիլի 25-ին Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից հայ սակրավորը կորցրել էր աջ ոտնաթաթը։