Photolure լրատվական գործակալությունը ներկայացրել է Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում տիրող իրավիճակը։ Քաղաքը լուրջ վնասներ է կրել ադրբեջանական հրետակոծության հետևանքով։
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է թվով 192 բնակելի տուն, որոնցից 60-ը վնասվել են ամբողջությաբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։