Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ է հաղորդել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին, ով սեպտեմբերի 15-ին Հայաստան է ժամանել որպես ՀԱՊԿ առաքելության առաջատար խմբի ղեկավար:
«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ։ Այսօրվա դրությամբ առավել հանգիստ հատվածները, իհարկե, հայ – թուրքական և հայ-իրանական սահմաններն են։ Հայ-իրանական սահմանագծին տեղանքի հարակից հատվածներն ունեն որոշակի առանձնահատկություններ», – ասել է Գոլուբիցկին։
Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերի, ԱԱԾ-ի, ոստիկանության, իշխանության մարմինների և տեղի բնակչության հետ փոխգործակցությամբ նրանք ձգտում են բոլոր ուղղություններով ապահովել սահմանային անվտանգությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։