Ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ երեք զինծառայողները զոհվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, հարվածը նրանց ուղղությամբ նույնպես իրականացվել է ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս մասին կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է․ ՀՀ տարածքներն օկուպացված են։
«Մենք բանակի բարեփոխումների լայնամասշտաբ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանի ԶՈւ-ն պարզապես փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն չուննենա ԶՈւ բարեփոխումների հնարավորություն»,- ասաց վարչապետը։
Այս ամենը, Փաշինյանի խոսքով, տեղի է ունենում հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, իշխանությունը, ամբողջականությունը պաշտպանելու գործում։
«Փառք այն հերոսներին, ովքեր կանգնած են անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ գիշերը ադրբեջանական ԶՈւ կրակոցից զոհվել է երեք հայ զինծառայողն։ Ադրբեջանական կողմը ևս կորուստներ ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: