ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին։
«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանի ՊՆ-ն երկու ապատեղեկատվություն է տարածել, որոնք հերքվել են ՀՀ ՊՆ-ի կողմից։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։