Մենք ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք մեր սահմանամերձ բնակիչներին ոչ միայն հաց են հասցնելու, այլև օգնության են հասնելու յուրաքանչյուր դեպքում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Նա այդ մասին հայտարարեց՝ ի պատասխան Armenia Today-ի թղթակցի այն դիտարկմանը, թե կան հաստատված տեղեկություններ, որ գյուղերը, որոնք ճանապարհ չունեն, ԱԻՆ-ն է մեքենայով հաց և անհրաժեշտ այլ միջոցներ հասցնում։
Նա նշեց, որ այս պահին գործընթացը շարունակվում է։
Մեր թղթակցի հարցին, թե, մասնավորապես, որ համայնքներում է նման գործընթաց տեղի ունենում՝ ասաց․ «Բարձրավան, Որոտան, Շուռնուխ ու մնացած հատվածներում ևս»։
Փիլոյանը հայտնեց, որ Սյունիքի մարզի սահամանմերձ գյուղերի կարիքներն այս պահին հատուկ տրանսպորտային միջոցների շնորհիվ բավարարվում են։
«Բացի այդ, նախորդ օրն արդեն Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ։ Նախատեսել ենք ևս մեկ տաքացման կետ Վերին Խոտանան գյուղի հատվածում։ Բացի այդ, նման կետ ենք ունենալու Տաթևից դեպի Կապան գնացող ճանապարհին։ Առնվազն երեք տաքացման կետ ենք ունենալու»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ տաքացման կետերում կան առաջին բուժօգնության միջոցներ, նաև տրանսպորտային միջոցներ, որոնք խցանումների ժամանակ կօգնեն քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներում ադրբեջանական կողմն անցակետեր է տեղադրել, ինչի հետևանքով Սյունիքի մի շարք համայնքներ բարդ իրավիճակում են հայտնվել։
Մանրամասները՝ տեսանյութում։