Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի համար զարգացման կենտրոն է ստեղծվել։ Այս հարցով համայնքը դիմել էր Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական խմբին:
Ըստ «Հանրային» հ/ը-ի հատկացված 70 հազար դոլարով մեկ տարի անց ամբողջովին կահավորված կենտրոնը պատրաստ է ընդունելու դավիթբեկցիներին:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով մնացել է վերջին փուլը, որը պետք է իրականացնի հենց աշխատանքային խումբը՝ մասնակիցները, և հենց այդ նիստի ընթացքում էլ կկնքվի նրանց հետ պայմանագիր։
Նշվում է, որ շատ շուտով նման զարգացման կենտրոն կբացվի նաև Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում: Միջգերատեսչական խումբը 95 հազար դոլար է հատկացրել: Այստեղ ևս՝ դիզայնից մինչև դասավանդվող ցանկալի առարկաներ, գյուղի երեխաներն են որոշել: Հստակ դասացանկ չկա, առաջնորդվելու են երեխաների ցանկություններով:
Եղվարդի զարգացման կենտրոնում ևս ամբողջ գույքը ձեռք բերված է և պահեստավորված: Շուտով վերջին շտրիխները կավարտեն ու հանդիսավոր բացում կանեն: Սյունիքի մարզի ևս 5 գյուղերում նման զարգացման կենտրոնների նախագծանախահաշվային աշխատանքները ավարտված են, առաջիկայում Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական խումբը ֆինանսավորում կգտնի ու շինարարության մրցույթ կհայտարարի: