Նոյեմբերի 9-ից հետո Սյունքի մարզում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ սահմանամերձ Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ և Կապան-Ագարակ հատվածներով անցնող խնդրահարույց տեղամասերին այլընտրանքային ճանապարհների ապահովման, ռազմավարական նկատառումներով պայմանավորված ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին հրատապության կարգով նախաձեռնել էր Հ-46, /Մ-2/ – Տաթև-Աղվանի- /Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ68+000 հատվածի հիմնանորոգումը:
Արդյունքում նշված ավտոճանապարհով երթևեկության ինտենսիվությունը կտրուկ աճել է, ինչի հետևանքով տվյալ ավտոճանապարհի կմ43+900-կմ53+900 հատվածում, որը անցնում է Վերին Խոտանան գյուղի տարածքով և բարդ ռելիեֆ ունեցող հյուսիսային կողմի անտառածածկ լանջով, կցորդիչով բեռնատարների երթևեկության համար, հատկապես ձմեռային ժամանակաշրջանում առաջացել են անվտանգ և անխափան շահագործման խնդիրներ:
Խնդիր է դարձել Վերին Խոտանան գյուղը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պատվիրվել և ստացվել է նշված շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը։
Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության իրականացման համար։
Նախագծով նախատեսվում է նաև շինարարական աշխատանքների իրականացման համար տրամադրել կանխավճար 717,644,000 ՀՀ դրամի չափով։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ազատ միջոցներից ընդհանուր գումարով 1.95 մլրդ դրամը երրորդ եռամսյակում ուղղել 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառմանը՝ չորրորդ եռամսյակում հետ վերականգնելու պայմանով: