Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Facebook-յան իր գրառմամբ տեղեկացրել է, որ այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր և տեղում ծանոթացել Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նա հայտնել է, որ այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։
«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ Յոթ բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։ Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։
Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։
Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են»,-հայտնել է Սանոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։