Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անդամները, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով, հետևել են տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին՝ «նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար»։
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում»,- գրել է առաքելությունը X-ում: Տարածաշրջանում սահմանային իրավիճակը հանգիստ է, ասվում է հաղորդագրությունում։
Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր Հայաստանում քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին՝ Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը կարող է երկարաձգվել ևս երկու տարով։