Սունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում գետի ջուրը մարդիկ ստիպած օգտագործում են խոհանոցում, հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է։ Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն»,- ասել է Թաթոյանը, որի թիմը «Թաթոյան հիմնադրամի» գործունեության շրջանակում փաստահավաք աշխատանքներ է իրականացնում սահմանամերձ համայնքներում ու գյուղերում։
Թաթոյանը հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը մարտի 3-ին հայտարարել էր, որ Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցի զինվորականների 25 դիրքով։ Սյունիքի մարզպետը հունիսի 5-ին հայտնել էր գյուղի հատվածից ռուս սահմանապահների դուրսբերման մասին:
Սեպտեմբերի 24-ին Թաթոյանը հայտնել էր, որ Ներքին Հանդի՝ ադրբեջանական ուժերի ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյուններ են տեղի ունենում։