Այսօր՝ ապրիլի 27-ին Մոսկվայում (Մալի Պեսչանի նրբ․2 հասցեի հարևանությամբ) կայացել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանի բացումը։ Նախաձեռնությունը պատկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, հուշարձանը կանգնեցվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ։
Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Բրոնզե արձանի քանդակագործը ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանն է, իսկ ճարտարապետներն են Աշոտ Թաթևոսյանը, Անդրեյ Ֆրանգուլյանը, Կարինա Դանիելյանը։
Բրոնզե արձանը պատկերում է ճարտարապետ Կ․Հալաբյանին՝ Մոսկվայում գտնվող Ռուսաստանյան բանակի թատրոնի գծագրերը ձեռքին։ Արձանի բարձրությունը 3 մետր է։ Պատվանդանը պատրաստված է կարմիր գրանիտից, որն իր գունային երանգով հիշեցնում է հայկական տուֆը։