Արցախի պատմության մի ահռելի ժամանակաշրջան է իր մեջ ընդգրկում Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին գտնվող Դադիվանքի վանական համալիրը։ Այն ունի նաև այլ անվանում ` Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։
Ավանդության համաձայն` Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադին քրիստոնեություն է քարոզել Քարվաճառի շրջանի բնակչությանը։ Սակայն I դարում նրան քարկոծելով սպանել են, հավատացյալները հողին են հանձնել Դադիին։ Արդեն IV դարում, քրիստոնեության ընդունումից հետո նրա գերեզմանը ուխտատեղի է դարձել։ Կառուցվել է դամբարան, որտեղից էլ հենց սկիզբ է առնում վանական համալիրը։
V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ XIIդ. սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը XIIIդ-ում: Եկեղեցու արևմուտքից երկհարկանի զանգակատունն է, որի խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։
Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։
Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին։ Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը (XIIIդ.)։ Հարավում առանձին կանգնած է փոքր գմբեթավոր եկեղեցին։ Համալիրի հարավային մասում վանքի օժանդակ կառույցների խումբն է` չորս սյուներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հյուրատուն, գրատուն և սենյակներ։ Հարավ-արևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Համալիրի կազմում կան նաև մատուռներ և խաչքարեր։ Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։
Համալիրի որոշ շինություններ վերանորոգվել են, տաճարն արդեն գործում է։ Պատերը մաքրված են, նրանցից երկուսը զարդարում են XIII դարի որմնանկարները, որոնք երկար ժամանակ թաքնված են եղել մրի տակ։
Մրից և փոշուց մաքրվելուց հետո տեսանելի դարձան Դադիվանքի պատերի երկու բացառիկ որմնանկարները: Հեղինակն այն նկարելիս օգտագործել է հատուկ կարմիր գույնի ներկ, որը ստացվում է սնդիկը մշակելու արդյունքում: Այն բավականին թունավոր է, բայց այդ գույնը վառ է և առանձնահատուկ շքեղություն է հաղորդում որմնանկարներին:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացումից հետո նկատվում է զբոսաշրջիկների հոսքի աճ դեպի Դադիվանք: