Գյումրիում այսօր բացվել է Հայկական ազգային խորհրդանիշների թանգարանը և պատմաճարտարապետական «Ակումբ 1887»-ը։
Թանգարանի գաղափարը կյանքի է կոչվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի աշխատանքի արդյունքում։ Նա Գյումրիում արդեն երրորդ թանգարանն է բացում։
Նշենք, որ թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանում ցուցադրվում են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ։
Առանձին սրահում ցուցադրվում է է Մայր Հայաստանի պատկերագրությանը և Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր։ Ցուցադրվող նմուշները լավագույնս ներկայացնում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբների ազգային սպասումը՝ պետականության վերականգման ակնկալիքով։
Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։ Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։
«ԱԿՈՒՄԲ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որը տրամադրվելու է տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկույթներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ կազմակերպելու, ինչպես նաև լուսանկարչական շարքեր ու կինոնկարահանումներ իրականացնելու համար։ 2021 թ․ թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլ ամսին Հայկ Դեմոյանի ջանքերով, Գյումրիում՝ նախկին Ալեքսանդրապոլի պատմական թաղամասերից մեկում,որը հայտնի է «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի դրվագներով, բացվել էր «Հայ կին» թանգարանային ցուցահանդեսը:
Այդ ցուցահանդեսը, որը ներկայացնում է Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուի հազվագյուտ ցուցանմուշներ `16-19-րդ դարերի ինքնատիպ նկարներ և եվրոպական փորագրություններ, աշխարհի տարբեր երկրներում հայ կանանց պատկերող նկարներ և բացիկներ: Ամենավաղ ցուցանմուշը թվագրվում է 1500 թվականին: