Ապրիլի 15-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շքասրահում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված դիվանագիտական ներկայացուցչության մշակութային կենտրոնի Վերածննդի օրվան:
Ինչպես նշվում է դեսպանատան Facebook-յան էջում, երեկոն սկսվել է վերածնված մշակութային կենտրոնի պատմության և գործունեության մասին տեսանյութով:
Երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Նա կարևորել է Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբային և կոլեկտիվներին՝ իրականացվող աշխատանքի համար:
«Մեր օրերում վերածնված մշակութային կենտրոնը կարողանում է մեծ հաջողությամբ իրականացնել իր պատասխանատու առաքելությունը, որը ուղղված է ժառանգած հարուստ մշակութային ժառանգության պահպանմանն ու ներկայացմանը և այդ պատերի մեջ ծագած լավագույն ավանդույթների բազմապատկմանը»,- նշել է Վաղարշակ Հարությունյանը:
Վլադիմիր Գաբբեն իր հերթին ներկայացրել է կենտրոնի նոր հայեցակարգը և պատմել ապագա նախագծերի մասին:
Երեկոն շարունակվեց ՌԴ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Օլխովսկու, Moscow Classic Ensemble նվագախմբի և մշակութային կենտրոնի կոլեկտիվների ելույթներով: