Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ Հայաստանին նվիրված «Երազ» երկշաբաթյա փառատոնի վերաբերյալ։
Ըստ դեսպանության՝ փառատոնի շրջանակում անցկացված բազմաթիվ թատերական ներկայացումների, համերգների, ցուցահանդեսների, կինոդիտումների, գիտաժողովների շնորհիվ՝ Մոն-դը-Մարսանը երկու շաբաթ շարունակ վերածվեց Ֆրանսիայում հայկական մշակութային կենտրոնի։
«Մեծ հաջողությամբ պսակված «Երազ» փառատոնն ավարտվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ու բազմադարյա բարեկամությունը խորհրդանշող Գյումրի և Մոն-դը-Մարսան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հռչակագրի ստորագրմամբ և Մոն-դը-Մարսանի քաղաքային այգում հայկական խաչքար-ցայտաղբյուրի բացմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։