ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը Երևանում անցկացրել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Փառատոնն ամփոփվել է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ «Աղոթքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում տեղի են ունեցել Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիայի և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիայի համաշխարհային պրեմիերաները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որի նախաձեռնությամբ էլ կայանում է ժամանակակից դասականների փառատոնը, նշել է, որ Քշիշտոֆ Պենդերեցկին առանձնահատուկ է իր երաժշտական աշխարհընկալման և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։
«Վերջին անգամ մաեստրո Պենդերեցկին Հայաստանում էր 2019 թվականին, ցավոք, դա հրաժեշտի այցելություն էր։ Նրա անունը, երաժշտությունն անչափ թանկ ու կարևոր են մեր երկրի համար։ Նրան շատ սիրում էին Հայաստանում ու զգում էին մեծ կոմպոզիտորի կարիքը։ Դա էր նաև պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մաեստրոն ամեն տարի ժամանում էր Հայաստան»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ շեշտելով, որ Պենդերեցկին ժամանակակից երաժշտության խորհրդանիշն է, որի շուրջ համախմբվում է երաժշտական աշխարհը։