Ռուսաստանաբնակ հայ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Սարիկ Անդրեասյանը մտադիր է ֆիլմ նկարահանել Հայկական ԽՍՀ պետական բանկի կողոպուտի մասին, որը կատարվել է 1977 թվականի օգոստոսի 5-ին։
Նրա խոսքով՝ հաջորդ աշնանն իրենց կինոընկերությունը կնկարահանի այս պատմությունը։ «Սցենարն արդեն գրված է։ Ցավոք, այս տարի ժամանակը քիչ էր, բայց հաջորդ տարի ամեն ինչ կլինի լավագույն ձևով։ Մենք տարիներ շարունակ սպասել ենք ֆիլմի էկրան դուրս գալուն: Սա առցանց հարթակի պատվեր չէ, այլ մեր անձնական նախաձեռնությունն է»,- Տելեգրամի իր էջում գրել է ռեժիսորը։
ԽՍՀՄ պատմության մեջ Պետբանկի եզակի և ամենամեծ կողոպուտը կատարել են Նիկոլայ Կալաչյան և Ֆելիքս Կալաչյան եղբայրները՝ գողանալով մեկուկես միլիոն խորհրդային ռուբլի (այն ժամանակվա փոխարժեքով մոտ երկու միլիոն դոլար)։ Երկու Կալաչյաններն էլ, ի վերջո, դատապարտվել են մահապատժի` գնդակահարության: