Թուրքիայի արևելյան Վան նահանգում գտնվող 1100-ամյա հայկական Սուրբ Խաչ եկեղեցում կիրակի օրը 10-րդ հատուկ պատարագն է մատուցվել։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Առավոտյան ցանկացողները տեղափոխվել են դեպի Աղթամար կղզի, կեսօրին մեկնարկել է պատարագը։ Արարաողությունն անցկացրել են Թուրքիայի Հայոց պատրիարքարանի առաջնորդ Սահակ Մաշալյանը և Տեր Հարություն քահանա Դամատյանն իրենց հոգևորականների հետ կղզի են ժամանել՝ Աքդամար եկեղեցում արարողություն անցկացնելու համար։
Դամատյանի գլխավորությամբ պատարագին մասնակցել են պատրիարքարանի 46 հոգևորականներ, հյուրեր Ստամբուլից, Հայաստանից և այլ երկրներից։
«Այսօր մենք աղոթեցինք, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, որ Կովկասը վերածվի խաղաղության երկրի։ Աստված պահապան մեր երկրին ու մարդկությանը»,- ասոլ է Մաշալյանը։
Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ: Սակայն 2020թ. նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չթույլատրվեց պատարագ մատուցել, իսկ 2021թ. պատարագին թույլ տրվեց այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: