Լեգենդար «Queen» խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ով Հայաստանում է STARMUS VI փառատոնի շրջանակում, նախօրեին զրուցել է լրագրողների հետ: Նա պատմել է, որ 88 թվականի Սպիտակի երկրաշարժից ի վեր շատ մտահոգ է եղել Հայաստանի խնդիրներով: Երաժշտի խոսքով՝ եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ ցանկացել է գալ Հայաստան. այդ երազանքն այժմ իրականություն է:
Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ Բրայանը պատասխանել է նաև հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ որպես երաժիշտ աշխատելու մասին հարցին, ինչը կայացել է Գարիկ Իսրայելյանի միջոցով:
«Իհարկե, շատ կարճ էր համագործակցությունը, բայց փորձել եմ նրանից ստանալ հայերի երաժշտական ոգին։ Այժմ էլ հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ»:
Խոսելով Տավուշի երգչախմբի հետ համատեղ ելույթի մասին, ինչն առաջիկայում տեղի կունենա STARMUS-ի շրջանակում, կիթառահարն ասել է, որ նրանք երեխաներ և դրա համար էլ հարկ չի համարել շատ փոփոխություններ կատարել այդ ելույթի մեջ:
«Այդ ելույթը կատարողական բարձր արվեստի մասին չէ, այլ զգացմունքի… զգայական դաշտի մասին է ավելի շատ։ Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի, ինչը նույնպես լավ է, որովհետև մենք կփորձենք տալ այդ զգայական էմոցիան»:
Պատասխանելով աշխարհն ավելի լավ դարձնելու մասին հարցին, երաժիշտն անկեղծանում է. իր կարծիքով այն գնում է սխալ ուղղությամբ։ «Իհարկե, իմ տեսակետը կարող է տարբերվել, բայց պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարդկությանը, այլ մեր երկրի մոլորակին»,- ասել է Մեյը՝ ընդգծելով, որ այն ամենն, ինչ մարդկությունն անում է երկրի մոլորակի հետ, վատ ազդեցություն է թողնում հենց իր՝ մարդկության վրա։
Նա համոզված է, որ պետք է սկսել ինչ որ կետից, պետք է փոխենք ինքներս մեզ: Եվ այդ դեպքում կունենանք ավելի լավ աշխարհ բոլորի համար։