Ուրվական փառատոնը հետաձգում է անցկացման ժամկետները։ Փառատոնն այս տարվա սեպտեմբերի փոխարեն կանցկացվի 2023 թվականին։ Հետաձգման մասին հայտարարություն են տարածել փառատոնի կազմակերպիչները։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Ուրվականը հետաձգվում է 2023թ.։
Ծանր սրտով մենք դադարեցրել ենք այս տարվա փառատոնի հետագա բոլոր աշխատանքները և Ուրվականը տեղափոխել ենք 2023 թվական: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրումը մեզ համար շոկային էր, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը եկել են զինադադարի համաձայնության, դժվար է կանխատեսել, թե ինչպես իրավիճակը կզարգանա առաջիկա օրերին։
Նման որոշում դժվար էր կայացնել, քանի որ մենք առաջին անգամ չենք հետաձգում մեր աշխատանքները։ 2020 թվականին COVID-ի համաճարակն ամբողջ աշխարհում կասեցրեց իրադարձությունները, այնուհետև Արցախում և Ուկրաինայում մոլեգնող պատերազմները որոշ ժամանակ թույլ չտվեցին մեզ նույնիսկ մտածել նոր փառատոնի անցկացման մասին։ Այս տարի մենք փորձեցինք վերագործարկել «Ուրվականը»՝ հաշվի առնելով նոր իրողությունները, որոնց առջև կանգնած են մեր տարածաշրջանը և աշխարհը: Մինչ մենք կազմակերպում էինք փառատոնը, փառատոնային որոշ թեմաներ էլ ավելի իրական դարձան, և այժմ նորից ականատես ենք դառնում ավտորիտար առաջնորդների ագրեսիվ գործողությունների։
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Գորիսը, Սոթքը, Ջերմուկը և սահմանամերձ հայկական տարածքներ։ Այս պահի դրությամբ արդեն կա ավելի քան 100 զոհ Հայաստանի զինվորականների, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձանց շրջանում։ Երկու երկրների սահմանի մոտ հարձակումները սարսափելի իրականություն են, որոնք եղել են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու հետևանք: Այդ ժամանակվանից ի վեր Արցախի բնակավայրերը գնդակոծվում են ամեն ամիս, սակայն այս ամենը գրեթե չի լուսաբանվում միջազգային նորություններով: Հիմա տարբերությունն այն է, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում գտնվող քաղաքների վրա։
Անկախ հրադադարի գործող համաձայնագրից, իրավիճակի անորոշությունը չափազանց ուժեղ է, և մեր առաջնահերթությունը մեր հյուրերի և արվեստագետների անվտանգությունն է։ Փառատոնի անցկացմանը մնացել է ընդամենը մեկ շաբաթ, այնպես որ, եթե նույնիսկ ամեն ինչ հանգիստ լինի, երկրում տրամադրությունները ներկայումս հեռու են մշակութային օրակարգից։
Երեկ մենք հանդիպում ունեցանք Տավուշի քաղաքապետարանի հետ․ այս տարի հենց այս մարզում էր իրականացվելու փառատոնը։ Լինելով ադրբեջանական սահմանին մոտ՝ նրանք մտահոգված են ռիսկերով և մեզ խորհուրդ չեն տալիս այս պահին շարունակել փառատոնի պլանավորումը։
Մեզ համար դա հեշտ որոշում չէ, բայց հուսով ենք, որ մեր ընկերներն ու հանդիսատեսը կշարունակեն աջակցել մեզ: Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին և հույս ունենք, որ վերջապես կգա Ուրվականի ժամանակը։
Խնդրում ենք այցելել մեր սոցցանցերի էջեր՝ այս հակամարտության պատմության մասին որոշ տեղեկություններ գտնելու համար, ինչպես նաև տեսնելու Հարավարևելյան Հայաստանի սահմանին տուժածներին և հազարավոր փախստականներին օգնելու ուղիների ցանկը:
Ձեր տոմսերի գումարը վերադարձնելու համար խնդրում ենք ուղղակիորեն կապվել այն կառույցի հետ, որտեղից գնել եք տոմսը։ Դուք կարող եք պահել այն ապագա փառատոնի համար կամ նվիրաբերել տոմսի գումարը։ Մենք շուտով կներկայացնենք, թե աջակցության ինչ տարբերակներ ենք առաջարկում։
Մենք անհամբեր սպասում ենք շատ շուտով վերամիավորվել այլ հանգամանքներում»։