Մատենադարանի մասնագետները վերականգնում են Ամերիկայի հայկական թանգարանի ձեռագրերը, բուն աշխատանքն արդեն մեկնարկել է՝ ձեռագրերի ախտահանում, ամբողջականության ստուգում և վերականգնում, հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
«Մաշտոցյան Մատենադարանի և Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական Թանգարանի (ԱՀԹ) համագործակցությունը սկսվել է 2022 թվականից՝ ձեռագրերի ընդարձակ նկարագրությամբ, որն իրականացրել է Մատենադարանի գիտաշխատող, այժմ գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը։ ԱՀԹ-ն ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համագործակցությունն ավելի է ընդարձակվել շնորհիվ Bank of America-ի՝ 2023 թվականի դրամաշնորհային ծրագրի։
«Ծրագիրը հատկացվել է ԱՀԹ-ի հավաքածուի 21 ձեռագրերի նորոգման համար (BofA-ն դրամաշնորհ է տրամադրում մշակութային կենտրոններին՝ արվեստի առավել կարևոր նմուշների պահպանման համար)։ Այժմ Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանը և գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը գտնվում են Ուոթերթաունում, ուր տեղում սկսել են ձեռագրերի նորոգման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Մատենադարանի աշխատակիցներն այցի առաջին օրը հանդիպել են թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանի հետ, զրուցել աշխատանքի ընթացակարգի մասին, շրջայց կատարել ցուցասրահներով։