Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում «Վերջին սերունդ» կազմակերպության երկու էկոակտիվիստներ ակցիա են իրականացնել Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավի մոտ, հայտնել է Radio-1 ռադիոկայանը։
Նշվում է, որ նկարը պաշտպանող ցուցափեղկի վրա կպչուն ժապավենի օգնությամբ փակցված են եղել ջրհեղեղի պատկերներ: Նրանք այդ ակցիայով կոչ են արել անհապաղ գործողություններ իրականացնել կլիմայական փոփոխությունները կանխելու ուղղությամբ։
Ակցիայի մասնակիցները դահլիճում մնացել են մոտ 15 րոպե, որից հետո նրանց բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք:
Վաղ Վերածննդի վարպետի ստեղծագործությունը ոչ մի վնաս չի կրել:
Փետրվարի 10-ի «Riposte Alimentaire» կազմակերպության էկոակտիվիստները Լիոնի գեղարվեստի թանգարանում Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա ապուր էին լցրել։ Նրանք նշել էին, որ սիրում են արվեստը, միևնույն ժամանակ հայտարարել, որ «ապագա նկարիչներն այրված մոլորակի վրա նկարելու ոչինչ չեն ունենա»: