Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը կվերածվի ավտոկրատ ռեժիսորի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չքննադատող վավերագրական ֆիլմից հետո նա ֆիլմ նկարահանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, հայտնում է Գերմանական Երկրորդ հեռուստատեսությունը (ZDF):
«Օլիվեր Սթոունն անձամբ հարցազրույց կանցկացնի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մի քանի զրույցի ընթացքում կանդրադառնա ոչ միայն առաջնորդից պետության ղեկավար դառնալուն, այլև Ադրբեջանի գունեղ ու հետաքրքրաշարժ պատմության բոլոր հարցերին»,- գրել է ZDF-ը՝ վկայակոչելով գաղտնազերծված փաստաթղթերը։
Գերմանական հեռուստատեսությունը մեղադրել է Սթոունին ավտոկրատների հետ մերձենալու ցանկության մեջ և հիշեցրել, որ Ալիևի օրոք Ադրբեջանում ծաղկում է կոռուպցիան և անհավասարությունը։ ZDF-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան ռեժիսորը նախատեսում է նաև վավերագրական ֆիլմ նկարահանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին։
Սթոունի բազմամաս՝ «Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմը ներկայացվել էր 2017 թվականին։ 2021 թվականին Սթոունը ներկայացրել էր նաև վավերագրական «Ղազախ. ոսկե մարդու պատմությունը»՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հարցազրույցի վրա հիմնված։
Փետրվարին Գերմանիայում կայացել էր հետաքննող լրագրող Դանիել Հարիսի «Անդունդի եզրին» (Am Abgrund) ֆիլմի պրեմիերան՝ Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգի և Բաքվում կոռուպցիոն սխեմաների մասին։