Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազարյանը ներկայացնելով հաշվետվությունը նշեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 9,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել:
«Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 25,4 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 21,7 մլրդ դրամ: Փաստացի 12,5 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց նախարարը:
Նա նկատեց, որ 2019 թվականի համար պետական բյուջեի եկամուտների չափը 1 տրիլիոն 496 միլիարդ դրամ էր սահմանվել: Հետագայում մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը վերանայվել է և կազմել 1 տրիլիոն 609 միլիարդ դրամ:
Ընդ որում, ըստ նրա, պետական բյուջեն փաստացի իրացվել է 1 տրիլիոն 565 միլիարդ դրամի չափով: «Ինչպես և ակնկալվում էր, բյուջեի եկամուտների հիմնական բաղադրիչը հարկային եկամուտներն էին՝ 93.5 տոկոս»,- նշեց Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ 2019-ին պետական բյուջե հարկային եկամուտների ներհոսքի պատճառով հնարավոր է եղել 62 միլիարդ դրամով ավելի շատ միջոցներ ներգրավել , քան ի սկզբանե նախատեսված էր: Նա նշեց, որ հարկային եկամուտների մասով զգալի մասնաբաժինը կազմել է ավելացված արժեքի հարկը՝ 506,5 միլիարդ դրամ:
Նախարարի խոսքով՝ տարբեր միջոցառումների իրականացման համար 1 տրիլիոն 402 միլիարդ դրամ էր նախատեսված, սակայն ՀՀ տնտեսության դրական միտումների պատճառով այդ ցուցանիշը վերանայվել է և կազմել 1 տրիլիոն 488 միլիարդ դրամ:
Ըստ այդմ՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում միջոցառումներ են իրականացվում 14 ուղղությամբ և 27 բաղադրիչների մասով: