ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 10-ին, տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝ պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կազմակեպված դրամահավաքի արդյունքում փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։
Նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ իր թիմը պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաև աջակցության գործիքակազմը։
Խաչատրյանը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսավարող։ Նա թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման և կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Ըստ նախարար Խաչատրյանի՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարևորություն ունի պատշաճ տեղեկատվությունը, և նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու և այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։
Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին աջակցության պատրաստակամության համար և ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարևորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ ծավալների հասնելու գործում։
Հանդիպման մասնակիցները ուրախություն են հայտնել նաև այն փաստի առնչությամբ, որ հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին է միացել նաև Քիմ Քարդաշյանը։