Խաղողի մթերման գնի նվազեցումը հիմնավորված չէ։
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Armenia Today-ի հետ զրույցում անհիմն է համարել խաղողի մթերման գնի նվազեցումը։
Վերամշակող ընկերությունները խաղողի մթերման գինը դարձրել են 135 դրամ։
Նշենք, որ այսօր խաղողագործներն Արարատի մարզում բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանց հանդիպել է փոխմարզպետը։
Գյուղացիների պնդմամբ՝ անցած տարի խաղողի տեխնիկական կոնյակի սորտը մթերվել է 150-160 դրամով, իսկ գինունը՝ 230-240, մինչդեռ այս տարի վերամշակողները վերանայել են մթերման գները։
Խաղողագործները բողոքում են, որ գներն իջեցրել են «Պռոշյանի գինու կոնյակի գործարանն» ու «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»։
Խաղողագործների միության նախագահը վրդովված է։ Ասում է՝ խաղող մշակողը չի կարող ինքնարժեքով բերքը վաճառել։ Գործարանը գին առաջարկելու իրավունք չունի։
«Խաղողագործն ինքը պետք է գինը թելադրի գործարանին։ Խաղողի մթերման հարցում տարիներով կուտակված խնդիրներն ու առկա երևույթները նորից շարունակվում են։ Համաշխարհային առևտրի պատմության մեջ չեք տեսնի մեկ դեպք, որ արտադրողն ապրանք աճեցնի, տանի խանութ վաճառելու, և գնորդը գին առաջարկի։ Եթե չեն կարողանում ապրանքը գնել, ապա աբսուրդային գին առաջարկելն անբարոյականություն եմ համարվում»,- տեսակետ հայտնեց Սարգսյանը։
Խաղողագործների խոսքով՝ իրենք երկարաժամկետ պայմանագրեր ունեն կնքած վերամշակող ընկերությունների հետ, սակայն խաղողի մթերման գինը չի նշվում։ Գործարաններն էլ ամեն տարի նոր գնային քաղաքականության որոշում են կայացնում։
Խաղողի մթերման շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն գներին է վերաբերվում։ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» կրճատել է նաև ընդունվող ծավալները։
Ընկերության հետ պայմանագիր կնքած խաղողագործը միայն այսօր է իմացել, որ 140 դրամով պետք է խաղողը վաճառի, իսկ նախապես պայմանավորված 20 տոննա խաղողն էլ չի ընդունվելու։
Գործարանները պարզաբանում են, որ կորոնավիրուսի պատճառով գինու վաճառքը կանգնել է, նոր խմիչք պատարստելու համար էլ ազատ տարաներ չունեն։
Արտակ Սարգսյանը խաղողի մթերման գնի իջեցումը դատարկ տարաների պատճառով անհեթեթություն է համարում։
«150 դրամով ընդունելու դեպքում տարաներում տեղ չկա, իսկ 130-ով գնելու դեպքում տարան մեծանո՞ւմ է։ Համաճարակը վերանո՞ւմ է»,- հարցրեց փորձագետը։
Տարվա հենց սկզբից պետությունը մխիթարում էր խաղողագործներին, որ խաղողը վազին չի մնա։ Մինչդեռ՝ այսօր մթերողները գինը նվազեցրել են․ կոնյակի խաղողի սորտի դեպքում նախորդ տարվա համեմատ 20 դրամով էժան են ընդունում, իսկ գինու համար՝ մոտ 60 դրամով պակաս։
«120 դրամը խաղողի ինքնարժեքն է կազմում։ Գինը պետք է 160 դրամ լինի, որ գյուղացին կարողանա ապրել։ Ինքնարժեքով խաղող գնելը և մարդուն այդ վիճակի մեջ գցելը պետական հանցագործություն է համարվում։ Մարդուն դնում են անելանելի վիճակում։ Նա չի կարողանում իր պարտավորությունները կատարել՝ հարկերը վճարել։ Իսկ գյուղացին այսօր չի կարողանում վարկերը մարել»,-նկատեց նա։
Կառավարությունը խաղողի մթերման կազմակերպման գործում իր քայլն արդեն արել է: Հայաստանի կոնյակի ու գինու արտադրության ոլորտին աջակցելու ծրագիր է ընդունվել: Կառավարությունը վճարելու է ոչ թե վերամշակող ընկերությանը, այլ խաղողագործին: Այդպես է արվել, որ արտադրողները չուշացնեն գյուղացիների վճարումները։
Արտակ Սարգսյանի խոսքով՝ պետությունը պետք է խաղողի գինը սուբսիդավորի։
«Այս ծրագրով պետությունը սուբսիդավորում չի անում։ Օրինակ, եթե գործարանը կիլոգրամի դիմաց 90 դրամ է վճարում գյուղացուն, մնացած գումարները պետք է պետությունը սուբսիդավորի։ Պետությունը սրանով կարող է նաև վերահսկել, թե քանի կիլոգրամ խաղող է արտադրվել։ Մենք դա ենք առաջարկում, հիմա պետությունը սուբսիդավորում է վերամշակող ձեռնարկության կողմից ստացված վարկի տոկոսները։ Գործարաններն ի վիճակի չեն այդ ծրագրերից օգտվելու, քանի որ ունեն վարկային պատմություններ և գրավի խնդիր։ Մենք առաջարկում ենք խաղողի կիլոգրամը սուբսիդավորել։ Չի կարելի ինքնարժեքով բերք վաճառել, մարդիկ պետք է կարողանան ապրել»,-առաջարկեց միության նախագահը։
Խաղողագործները պահանջում են, որ վերամշակող ընկերությունները վերանայեն խաղողի գինը և արժեքը կրկին դարձնեն 150 դրամ։
Նրանք չեն պատրաստվում նահանջել․ ամիսներ շարունակ տանջվել են, խաղող մշակել:
Իսկ այսօր խաղողի մթերման մեկնարկը տրվել է «Արմենիա Վայն» ընկերության գործարանում։
Մթերման ընթացքին հետևել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։
Իր հերթին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հայտնել է, որ այս տարի ունենք առատ և բարձրորակ խաղող։ Ակնկալվում է բարձրակարգ գինիների արտադրություն։