Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցած վերանայումները փոխել են նաև մեր երկրի տնտեսական կանխատեսումները։ Փոխվել են մեր սպասումները՝ կանխատեսվող 5 տոկոս տնտեսական աճ ունենալու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Եթե 2020 թվականի համար մենք կանխատեսում էինք, որ ունենալու ենք 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի համախառն ներքին արդյունք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու ենք 1 տրիլիոնի չափ գերագնահատված ցուցանիշ։ Անկման այս երևույթը միայն Հայաստանում չէ։ Այն այս տարի բնորոշ է աշխարհի տասնյակ երկրների»,- նկատեց Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ 2021թ. նախագծում 215 մլրդ. դրամ է կազմել կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Սա գերազանցում է երկրի պատմական միջին կարողությունը կապիտալ ծախսեր իրականացնելու համար:
«Սա ամբողջը չէ, բացի բյուջեով նախատեսված 215 միլիարդ դրամից, մենք ունենք նաև մի միջանկյալ լուծում, որի նման, օրինակ, ունեցել ենք նաև 2020 թվականի բյուջեով, երբ առանձին հավելվածով նախատեսել ենք առաջնահերթություն հանդիսացող ծախսերի ցանկ, որը ԱԺ-ի կողմից հավանության է արժանացել․ դա մենք ևս այս դեպքում կիրառել ենք։ Մենք պարտադրված ենք ունենալ բյուջե, որը հնարավարություն կտա լուծել մեր առջև ծառացած և ավելի խորացած խնդիրները։ Նույնիսկ ամենաանորոշ վիճակում շատ ավելի լավ է ունենալ որևէ ծրագիր, քան թույլ տալ, որպեսզի գողծողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ համաշխարհային տնտեսության կանխատեսմամբ, ենթադրվում է, որ 2020-ը կավարտվի 4.4 տոկոս տնտեսական անկմամբ։
Իսկ մեր երկրում համավարակի հետևանքով առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով։ Հիմնական բացասական ազդեցությունը ծառայությունների ոլորտում է արձանագրվել: