Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.2 տոկոսով է ավել, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
«Մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ գնաճը կանգնեցնենք: Ավելացնեմ, որ այս տարի բարձր գնաճ է ողջ աշխարհում։ Իշխանություններն ակտիվ գործողություններով զսպում են գնաճը»,- վստահեցրեց նա։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ տնտեսական աճի վերաբերյալ նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել, բայց «տնտեսությունն իրեն ավելի լավ է պահում», քան կանխատեսվում էր:
Իր հերթին Վահան Քերոբյանը խոստացավ, որ նման տեմպով գնալու դեպքում իրենք կապահովեն երկնիշ տնտեսական աճ։
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա նշեց, որ արտոնություններ ստացած ընկերությունների մեծ մասը չի կատարել իր ներդրումային պարտականությունները։