Հայաստանի համար այս վճռորոշ ժամանակահատվածում հատկապես կարևոր է տնտեսական աճի ապահովման անհրաժեշտությունը, Armenian Business Forum-ի ընթացքում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Պարույր Ամիրջանյանը:
«Ուժեղ տնտեսությունը հզոր երկրի ստեղծման պայման է»,-ընդգծեց նա՝ նշելով, որ հենց այդ նպատակով Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիրները ստեղծել են մի հարթակ, որը միավորել է ՌԴ-ից և Հայաստանից հայ գործարարների ուժերն ու հնարավորությունները:
Իր հերթին Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին:
«Մեզ համար մեծ պատիվ է այս դահլիճում տեսնել ասոցիացիայի այսքան ուժեղ գործարարներին ու բարեկամներին, որոնց համար առաջնահերթություն է ուժեղ Հայաստանը», – ընդգծել է Ղումաշյանը:
Նա նշել է, որ ասոցիացիան ստեղծվել է արդյունավետ գործնական հարաբերությունների տարածք ձևավորելու համար, ինչպես նաև կոչված է ձևավորելու հայկական գործարար համայնք, որը «հպարտանում է իր անցյալով, վստահ նայում ապագային և այսօր ամուր կանգնած է ոտքի վրա»: